ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
2019 թվականի օգոստոսի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին և հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի և հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվելիք կոնկրետ ծրագրերին և միջոցառումներին առնչվող հարցեր։
Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանը գոհունակություն է հայտնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կոչելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ դրանց արդյունքները տեսանելի կլինեն արդեն ոչ հեռու ապագայում։ Մասնավորապես՝ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2019 թվականի հոկտեմբերին գերմանական փորձի ուսումնասիրության վրա հիմնված համատեղ գիտագործնական քննարկում կազմակերպելու, իսկ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա շրջանակներում համատեղ գիտաժողով անցկացնելու վերաբերյալ։
Կողմերը քննարկել են այս և եկող տարվա ընթացքում ուսանողների, երիտասարդ դասախոսների շրջանում hայաստանյան առաջատար բուհերի իրավաբանական ֆակուլտետների մասնակցությամբ սահմանադրական իրավունքին նվիրված գիտագործնական հոդվածների մրցույթ անցկացնելու, լավագույն հեղինակներին կրթաթոշակ տրամադրելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվելիք այլ ծրագրերին և նախաձեռնություններին։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: