ՀՈՒԼԻՍԻ 5-Ը ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐՆ Է
2025 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է Սահմանադրության ընդունման 30-րդ տարեդարձը: 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային Սահմանադրության ընդունումը, որն իրականացվեց 1995 թ. հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության 30-ամյակի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Հայոց պետականության վերականգնման 34 տարիներից 30-ը մենք միասին անցել ենք՝ Սահմանադրության պատվարով ամուր պաշտպանված։ Ուզում եմ նշել, որ ո՛չ անկախության վերականգնմամբ և ո'չ էլ Սահմանադրության ընդունմամբ մեր ժողովրդի ու պետության առջև ծառացած մարտահրավերներն ինքնաբերաբար չեն վերացել: Ավելին, անկախության վերականգնումն ու հայոց պետականության ամրապնդումը որոշ առումներով նոր մարտահրավերներ են առաջ բերել։ Բայց անգամ այս պարագայում, ցանկացած տեսակի և ձևի մարտահրավերների հաղթահարումն էլ ուղղակիորեն կապված է Սահմանադրության, դրանում ամրագրված արժեքների գործնականում պահպանման և ամուր ժողովրդավարական պետություն կառուցելու հետ»,-իր պաշտոնական ելույթում նշել է Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Արման Դիլանյանն ընդգծել է, որ «Սահմանադրությունը բացառիկ հնարավորություն է տալիս՝ ձևավորելու այնպիսի հանրային իրավագիտակցություն, որի համար մերժելի կլինեն անարդարությունն ու խտրականությունը, և որն անտարբեր չի լինի իր պետության բարեկեցության ու սահմանադրական արժեքների նկատմամբ, որտեղ իրավունքի գերակայությունը կընկալվի որպես կայուն ու անփոփոխ, որևէ միջամտության համար անհասանելի մի իրողություն, որը չի ճանաչում այլ ազատություն կամ հավասարություն, քան այն ազատությունն ու հավասարությունը, որը գալիս է իրավական օրենքից»: Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով՝ թեև Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր կարողություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը: «Վերստին շնորհավորելով բոլորիս՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրս վերաիմաստավորենք Սահմանադրության, ինքնիշխան պետականության և քաղաքացիական համերաշխության բարձր արժեքը։ Սահմանադրական արժեքներն իրական կյանք բերելն է մեր Հայրենիքի հզորացման, բարգավաճման, սերունդների ազատության և ընդհանուր բարեկեցության բանալիներից մեկը։ Աստված պահապան մեր ժողովրդին ու պետությանը»,- իր շնորհավորական խոսքը եզրափակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Միջոցառմանը ներկա են եղել օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: