Top.Mail.Ru
26 մայիսի 2023թ.

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում պաշտոնապես մեկնակրել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը, որը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանը և հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ Ծրագրի տևողությունը 18 ամիս է։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաններ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ողջունելով հյուրեին շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ ինչպես բարեփոխումերի ծրագրին աջակցելու, այնպես էլ Սահմանադրական դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության համար։ 

«Ժողովրդավարությունը և իրավունքի գերակայության ապահովումը շարունակական աշխատանք է, և որոշ իմաստով դա պետության և հասարակության յուրօրինակ հանձնառությունն է համընդհանուր ճանաչում ունեցող արժեքների համակարգին։ Չնայած այսօր առկա համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված օրակարգը։ 

Այսօր, ինչպես իմ գրեթե բոլոր ելույթներում, չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին, ինչպես նաև արդեն հինգ ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած խնդիրներին: Կարծում եմ, որ այս տարածաշրջանային զարգացումների համատեքստում այսօր առավել քան կարևոր է, որ մեր Հանրապետության դատաիրավական ոլորտի մարմինները պատշաճ իրականացնեն սահմանադրորեն իրենց վերապահված գործառույթները՝ դրանով միմիայն ուժեղացնելով անկախ, ժողովրդավար ու ինքնիշխան հանրապետության սահմանադրական փիլիսոփայությունը և արժեբանական հիմքերը », ասել է Բարձր դատարանի նախագահը։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը կարևորել է, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով այս դժվարին ժամանակներում Հայաստանը հետևողական է՝ առաջ շարժվել  ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով։ «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում, ինչի վրա հիմնված է նաև այս ծրագիրը», նշել է դեսպան Սխերմերսը։ 

Ծրագրի իրականացման պատասխանատու՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով, մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ծրագիրը կյանքի կոչելու պարտավորությունը և անելու են հնարավորը՝ այն արդյունավետ իրականացնելու համար։

«Մեզ համար էական է, որ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ զարգացման այն կարիքները, որոնք նախանշվել էին Հայաստանում Նիդերլանդների  Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացված մեր նախորդ ծրագրում և արտացոլվել են այս ծրագրում, առավելագույն արդյունավետությամբ բավարարվեն», նշել է Լուսինե Հակոբյանը։

Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ կարողությունների ու հնարավորությունների իմաստով ամուր, մշտապես զարգացում ապրող սահմանադրական դատարանը նաև ժողովրդավարության անշրջելիության ապահովման և թվային ժամանակաշրջանում սահմանադրական իրավունքների անխափան իրացման կարևորագույն երաշխիք է։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի խոսքը՝ կից տեսանյութում https://www.youtube.com/watch?v=YKkQz3n51bQ։