ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
2023 թվականը մոտենում է ավարտին: Անցնող տարուն հրաժեշտ ենք տալիս հավատով, որ բոլոր այն փորձություններն ու դժվարությունները, որոնց հայ ժողովուրդը և հայոց պետականությունը բախվեցին այս տարի, մեզ ավելի ամուր ու միասնական կդարձնեն։
2023 թվականի իրադարձություններն անխուսափելի դարձրին այն արժեքների վերագնահատումը, որոնք կրում ենք որպես ազգ և պետություն։ Մենք պարտավոր ենք դասեր քաղել պատմությունից՝ հասկանալով, որ պետության ուժը կիրթ և բարձր իրավագիտակցությամբ հասարակությունն է, հայրենիքի պաշտպանության գրավականը՝ մեր ժողովրդի միասնականությունը։
Արցախի բռնի հայաթափումն իր անդառնալի հետքն է թողել յուրաքանչյուրիս սրտում` ստիպելով վերարժևորել մեր երիտասարդ պետության անցած տասնամյակների ճանապարհը, ախտորոշել այն սխալները, որոնք կամա թե ակամա բերեցին մի հանգրվանի, երբ մեր քույրերն ու եղբայրները լքեցին հայրենի հողը։
Մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն պետք է ունենա։ Լիահույս եմ, որ համահայկական միասնականության շնորհիվ գալիք տարին կդառնա վերելքի և ձեռքբերումների տարի։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Անցնող տարին հեշտ չէր նաև Սահմանադրական դատարանի համար: Այն նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացով։ Բարձր դատարանը մի շարք ծրագրեր իրականացրեց, որոնց նպատակն է է'լ ավելի որակյալ և արդյունավետ դարձնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը։ Անցնող տարվա ընթացքում արդեն իսկ նախանշվել և իրականացվել են աշխատանքներ, որոնք միտված են նպաստելու Սահմանադրական դատարանի գործունեության թափանցիկության ապահովմանը, ակտիվացնելու շփումները ինչպես մասնագիտական համայնքի, այնպես էլ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարեմուտի իմ մաղթանքների ու երախտիքի խոսքերի առաջին հասցեատերերը մշտապես առաջնագիծն ամուր պահող զինվորն ու սպան են, որոնց, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Թող 2024 թվականը բոլորիս համար կայուն խաղաղության, արգասաբեր աշխատանքի և հաջողության տարի լինի՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:
Աստծո օրհնությունն ուղեկից մեր ժողովրդին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: