Top.Mail.Ru
13 սեպտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԼԵՀԱՍՏԱՆ

2021 թվականի սեպտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակությունը` ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Էդգար Շաթիրյանի և ՍԴ նախագահի օգնական Արմենակ Մինասյանցի կազմով, աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձին նվիրված՝ «Սահմանադրական ինքնություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։
Խորհրդաժողովի աշխատանքների ամփոփումից հետո տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլյա Փշիլեմբսկայի առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում Լեհաստանի Հանրապետության Սահմանադրական տրիբունալի նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Վարշավայում գտնվելու համար՝ հավելելով, որ Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը կարևորում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը։ Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Յուլյա Փշիլեմբսկային ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձի առթիվ։ Սահմանադրական դատարանի նախագահը արժևորել է Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի հետ երկկողմանի և բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Այնուհետև Արման Դիլանյանը և Յուլյա Փշիլեմբսկան քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ անդրադառնալով հայ-լեհական միջդատարանական կապերի սերտացմանը և սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների դատական պրակտիկային: Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հրավիրել է Յուլյա Փշիլեմբսկային պատասխան այց կատարել Երևան: