Top.Mail.Ru
15 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԱՔՍԻՄ ԼՈԳԱՆԳԻՆ

2021 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոգանգին և ԵԽ երևանյան գրասենյակի՝ արդարադատության ոլորտում ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին:
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարումը Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև դատական բարեփոխումների ոլորտներում իրականացվող գործընթացներում՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առանցքային միջազգային գործընկերներից է:
Մաքսիմ Լոգանգն իր հերթին կարևորել է Երևանում ԵԽ գրասենյակի գործակցությունը պետական կառավարման մարմինների հետ և ԵԽ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնելու համագործակցությունը Սահմանադրական դատարանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում։
Զրուցակիցներն երկուստեք անդրադարձել են Սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև երկարամյա համագործակցությանը և առանձնահատուկ կարևորել փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: