Top.Mail.Ru
25 ապրիլի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

2022 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Իր բացման խոսքում Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով իրականացվող բարեփոխումներին: Սահմանադրական դատարանի նախագահը ընդգծել է հայ-նիդերլանդական միջդատարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը և արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը: 

Նիկոլաս Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին աշխատանքային հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ Բարձր դատարանը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ազգային առաջնային գործընկերներից է: Դեսպան Սխերմերսը վերահաստատել է իր պատրաստակամությունը ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, որոնք միտված են իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցության խորացմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է սահմանադրական իրավունքի ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համատեղ նոր ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Նորություններ